Այսօր երգել եմ, ամեն օր եմ երգում, բայց այսօր՝բեմում: Խլվլիկներս հանգիստ չեն տալիս, ի՜նչ հաճույք էր, ի՜նչ երանություն: Ու առաջին հնարավորությունն իմ մարզում էր: Սեբաստացիների հետ ամենաանհնար երազանքն էլ իրականանալու միտում ունի. մնում է միայն գնալ նրա ետևից: Գնացինք… Երկու շաբաթ Աշտարակում հետաքրքիր գործունեություն ծավալելուց հետո գնացինք հաշվետու համերգի: Մաեստրո Թոփիկյանի երգչախումբը Սբ. Մարիանեում էր, հետո քայլարշավով դեպի Հայորդյաց տուն: Հուզվել համերգից առաջ, չգիտեմ դա ինչ է, որովհետև առաջին անգամ էի երգելու բեմից: Ավարտին՝բրավոներ, իսկ ի՜նչ համեստությամբ էր Մաեստրոն ընդունում գովասանքի խոսքերը:
Տանն եմ… մեկ, երկու, չէ, անընդհատ, նույն երգերը մտքումս են, վերջ, վարակվել եմ, այս համաճարակի ախտանշաններն արդեն կան, բուժվելու ոչ մի դեղ չկա: Սիրով ու պատրաստակամությամբ ընդունել եմ, չեմ ուզում առողջանալ, թող հիվանդ մնամ: